Մենք չենք հետևում Ձեզ։ Բոլորովին, իսկի, ոչ մի կաթիլ։

Բազմաթիվ կայքեր, որոնք Դուք այցելում եք, ցանկանում են Ձեր մասին ստանալ հնարավորինս շատ տվյալներ։ Ինչո՞ւ։ Դրանց միջոցով փող աշխատելու համար։ Բազում բրաուզեր սարքողների նպատակը նույնպես դա է։ Զարմացա՞ծ եք։

Հավելվածները հաճախ հետևում են օգտվողներին, ստեղծում են պրոֆիլներ ու վաճառում տվյալները գովազդատուներին։ Դա է նրանց «անվճար» ծառայություններից օգտվելու գինը։

Բայց ոչ Vivaldi-ն։ Անկեղծ, մենք Ձեր տվյալները չենք օգտագործում։

Մենք հետաքրքրված չենք Ձեր այցելած կայքերով, բրաուզերում մուտքագրած տեքստերով, ներբեռնումներով ու հնարավորություն էլ չունենք դրանք իմանալու։ Դրանք կա՛մ պահվում են տեղային՝ Ձեր համակարգչում, կա՛մ գաղտնագրված են։

Մենք վաճառելու որևէ տվյալ չունենք։

Մենք չենք պատրաստվում խաբել։ Իհարկե, կուզեինք իմանալ, թե ինչպես եք օգտագործում Vivaldi-ն (օրինակ՝ թե որոնք են Ձեր սիրելի ֆունկցիաները)։ Բայց մենք կարծում ենք, որ զարհուրելի ձևով հետևելու փոխարեն ավելի լավ է հարցնել անմիջապես Ձեզ։ Գիտենք, խենթություն է թվում։

Ինչպես ենք հաշվում առանց հետևելու

Ինչպես ցանկացած ընկերության, մեզ նույնպես հարկավոր է իմանալ, թե քանի օգտվող ունենք (այո, մեզ դա պետք է բիզնեսում մնալու համար)։

Որոշ ժամանակ մենք օգտագործել ենք յուրահատուկ հարցումներ, որոնք օգտվողի համակարգչից մեզ են ուղարկվել ու պարզապես ասել են «սա այն նույն օգտվողն է, որին նախկինում հաշվել ենք»։

Սակայն մենք հրաժարվում ենք դրանից։ Անգամ այդ տեղեկույթը մեզ համար չափազանց շատ է։ Մենք չենք ուզում որևէ «յուրահատուկ» բան ստանալ Ձեր համակարգչից։

Այս պահին մենք աշխատում ենք նոր համակարգի իրագործման վրա։ Դա բավական ծավալուն աշխատանք է պահանջում, բայց մենք դա կանենք։

Այդ կոդի բրաուզերի մասը մենք գրում ենք C++-ով, որպեսզի հետո այն հրապարակենք բրաուզերի կոդի հետ միասին և Դուք կարողանաք ստուգել ու համոզվել, որ կոդն անում է այն, ինչն ասված է։

Մենք կրճատում ենք IP-ները, որոնք ստանում ենք հաշվարկի հարցումից։ Դա մեզ դեռևս թույլ է տալիս իմանալ Ձեր մոտավոր տեղը երկրագնդի վրա, ինչն օգնում է մեզ որոշել, թե ինչ երկրի ու լեզվի վրա մենք պետք է կենտրոնանանք՝ Ձեր հարմարավետությունն ավելացնելու համար։ Սակայն մենք չենք կարող իմանալ առանձնահատուկ օգտվողի մասին, որքան էլ ցանկանանք։

Մենք նաև գիտենք Vivaldi-ի տարբերակը, որն օգտագործում եք, Ձեր սարքի պրոցեսորը, օպերացիոն համակարգը և էկրանի լուծաչափը։ Անկեղծ ասած՝ այնքան էլ շատ չէ։

Մենք օգտագործում ենք երրորդ կողմի մի շարք բաղադրիչներ որոշ խնդիրների լուծման համար։ Հիշեք դա։ Ինչպես նաև ուշադիր եղեք բրաուզերում ընդլայնումներ տեղակայելիս։

Ինչու մենք ավելացրեցինք հետևման ներկառուցված արգելափակիչ

«Կայքերի 76 տոկոսը պարունակում է Google-ի թաքնված հետևիչներ։»

Դուք նկատել եք, որ մենք պայքարում ենք անհարկի հետևման ու տվյալների հավաքման դեմ։ Սակայն, գրողը տանի, դա չի կանգնեցրել հետևիչներին։ Դրանց քանակը գնալով ավելանում է։ Միլիարդավոր հետևիչներ կան ամբողջ ինտերնետով մեկ։

Այսպիսով, մենք ներդրեցինք հետևման արգելափակումն անմիջապես բրաուզերի մեջ։ Դա կպաշտպանի Ձեզ ամենուր առկա հետևիչներից, որոնք հետևում ու հավաքում են Ձեր անձնական տվյալները ցանցում։

Չնայած նրան, որ մենք ուզում ենք, որ մեր հետևման արգելափակիչը լինի կատարյալ և արգելափակի Ձեզ լրտեսող բոլոր հետևիչներին, միշտ կգտնվեն կայքեր, որոնք կշրջանցեն դա։ Եթե հայտնաբերեք այդպիսին, կարո՞ղ եք հաղորդել այդ մասին DuckDuckGo-ին կամ EasyPrivacy-ին։ Մենք օգտագործում ենք նրանց ցանկերն ու վստահում ենք նրանց՝ ցանկերը թարմացնելիս։

Այսպիսով, այո, մենք սարքում ենք Vivaldi-ն, որը չի հետևում օգտվողներին՝ խախտելով գաղտնիությունը։

Քանի՞ ծրագիր կարող է նույնն ասել։

Կարդացեք ավելին.

Ինչպես ենք մենք հաշվում մեր օգտվողներին
Ցանցային ակտիվության ապակոդավորումը Vivaldi-ում
Vivaldi բրաուզերի գաղտնիության դրույթներ
Մեկ միլիոն տարբերակ այն Ձերը դարձնելու